ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Նրա խոսքով` ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությամբ և խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի փակմամբ, ինչը խզում է կենսական նշանակության ապրանքների առաքման հասանելիությունը և խորացնում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում:

«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Մենք նաև նշում ենք այլ երթուղիների շուրջ փոխզիջման հնարավորությունը։ Հումանիտար փոխադրումները չպետք է սահմանափակվեն», - հայտարարեց նա։

Ըստ ԱՄՆ ներկայացուցչի` կողմերը պետք է շարունակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ինչը ճկունություն և փոխզիջումներ է պահանջում։

ԱՄՆ-ը կողմերին զսպվածության և մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կոչ է անում։

Ինչպես նշեց Գրինֆիլդը, միջազգային հանրությունը պետք է աջակցի կողմերի միջև բանակցություններին: Վաշինգտոնն աջակցում է խաղաղության հասնելու համար բանակցությունների ցանկացած ձևաչափի։ Այս համատեքստում նա կողմերին ուղիղ բանակցությունների կոչ արեց, այդ թվում՝ Բաքվի պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։

«Մենք կշարունակենք մասնակցել բոլոր գործընկերների հետ աշխատանքին», - եզրափակեց դիվանագետը:

Sputnik Արմենիա