ԱԽ-ՇՈՈՒ

Կարծում ենք, Արցախում հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը դիտած շատերի մոտ ուղիղ հեռարձակման վերջում օրինաչափ հարց է առաջացել. «Եվ ի՞նչ»։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՑ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ՈՉԻՆՉ ՉԱՎԵԼԱՑԱՎ ՈՒ ՉՊԱԿԱՍԵՑ։ Այո, գերիշխողը հումանիտար ճգնաժամի արձանագրումն էր։ Գերիշխողը Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտության մասին միտքն էր։ Այո, առանց այդ էլ ակնհայտ էր, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Այո, Արարատ Միրզոյանը փաստարկավորված ելույթ ունեցավ, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչն իր արդարացումներով և ակնհայտի ժխտմամբ դիտվում էր գունատ, երբեմն հիմարավուն։

Բայց չէ՞ որ Արարատ Միրզոյանի և Յաշար Ալիևի բանավեճը բնավ Ուրախների և հնարամիտների ակումբի կապիտանների մրցույթ չէր։ Եվ ԱԽ նիստն էլ, պետք է ենթադրել, ձեռնարկվել էր ոչ նրա համար, որ տեսնեինք, թե ում հռետորական ունակություններն են ավելի լավը կամ ապացուցեինք, որ հայկական կողմի փաստարկները համոզիչ են։ Դա առանց այդ էլ հայտնի էր։

Նախքան ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստն էլ եղել են կոչեր, պահանջներ և անգամ որոշումներ, որոնք պարտավորեցրել են Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։ Եվ ի՞նչ։ Ոչինչ: Ցուցադրաբար թքած ունի այդ ամենի վրա Իլհամ Ալիևը։

Արդյունքում տարօրինակ պատկեր է ստեղծվում. նիստի բոլոր մասնակիցները կարծես թե գոհ են։ Երրորդ երկրները՝ նրանից, որ մասնակցել են միջազգային կարևոր խնդրի քննարկմանը և դրսևորել իրենց։ Ոմանք նույնիսկ իրազեկություն ցուցաբերեցին և աջակցություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ մի երկիր հիշատակեց նույնիսկ ՀԱՊԿ-ը…

Երևանը գոհ է, որ ցույց տվեց, թե ինչպես է պաշտպանում Արցախի շահերը, ինչպես է պայքարում չճանաչված հանրապետության քաղաքացիների իրավունքների և անվտանգության համար։ Դե, իսկ Բաքուն, ըստ երևույթին, միանգամայն գոհ է, որ Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց առանց որևէ բանաձևերի ու հայտարարությունների, և կարող է շարունակել Արցախի էթնիկ զտման իր քաղաքականությունը…

Ադրբեջանի ԱԳՆ-ը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, թե ինչպես են իրենք, իբր, տրորել Հայաստանի քիթը ԱԽ նիստում։ Հավանաբար նկատի է առնվում այն, որ ի պատասխան հայկական կողմի ներկայացրած փորձագետի կարծիքի, որ Արցախում տիրող իրավիճակը կարելի է բնութագրել որպես ցեղասպանություն, Բաքուն մեջբերել է մեկ այլ փորձագետի այն կարծիքը, թե առաջին փորձագետը սխալվում է:

Եթե ավելի պարզ արտահայտվենք, մենք ականատես եղանք Հայաստանի իշխանությունների նախաձեռնած հերթական շոուին։ Իսկ շոուն, ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայիս կառավարության և իշխող քաղաքական թիմի հաղթաձին է։ Այս անգամ էլ շոուն կազմակերպվեց և կատարվեց որականիշով, ընդ որում, ի տարբերություն հրավիրովի հայտնի երգչի համերգի, տեղացի հանդիսատեսի ժամանցի համար նախատեսված այս շոուն անվճար էր:

Միայն թե՝ ե՞տքը։ Սայլը տեղից չի շարժվել: Արցախի շրջափակումը շարունակվում է, հումանիտար ճգնաժամը՝ խորանում, հայ ռազմագերիներն առաջվա պես սպասում են, թե երբ վերջապես Փաշինյանը կկարողանա հասնել իրենց ազատմանը։ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը դադարեցված է: Թեև ընդ որում հայկական գազը հանգիստ հասնում է Շուշի…