ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀՍԿԱՅԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱԾ ՈՒՐՎԱԿԱՆԸ. ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՎԱԾՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ

Տարիներ առաջ Հայաստանը հայտնի էր տեքստիլ արդյունաբերությամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո այս գործարաններն էլ փակվեցին, հազարավոր մարդիկ գործազուրկ դարձան։ Երկարամյա տեքստիլագործներից մեկը որոշեց փոքրիկ փորձ անել ոլորտը վերակենդանացնելու համար։

Երևանի Էրեբունի համայնքում` երբեմնի ներկերի գործարանի լքված շենքի հարկերից մեկում, արդեն մի քանի տարի է` հայկական գործվածքի արտադրություն է ծավալվում։ Իհարկե, «ծավալվել» բառն այստեղ վերապահումով ենք գործածում. հայկական տեքստիլի արտադրությունը ծավալվում էր խորհրդային տարիներին, իսկ հիմա գոյատևում է։

Փոքրիկ արտադրության հիմնադիրն Անդրանիկ Խաչատրյանն է, որն իր ամբողջ կյանքն այս ոլորտին է նվիրել։ 1979 թվականին ավարտեց տեխնիկումն ու ինժեներ–տեքստիլագործի որակավորմամբ աշխատանքի անցավ։ Երկար տարիներ ղեկավարեց Նուրբ-բրդյա գործվածքների կոմբինատի, ինչպես ավելի հայտնի էր`«Կանվոլնի գործարանի» գործվածքային արտադրամասը։ Խորհրդային Միության փլուզումից հետո մեկը մյուսի հետևից սկսեցին նաև հայաստանյան գործարանները փակվել։ Հերթը երբեմնի «Կանվոլնիի գործարանին» էլ հասավ։

«90-ականներին հայկական բանակի կտորն էինք արտադրում, հետո վերևներում որոշում կայացվեց` ավելի լավ է ներմուծել։ Այդպես գործարանը փակվեց, ժամանակին գործարանում 3000 հոգի էր աշխատում, մի օրում մարդիկ գործազուրկ դարձան»,– պատմում է Անդրանիկ Խաչատրյանը։

Դրանից հետո նա մի քանի տարի դադարեց աշխատել տեքստիլ արտադրության ոլորտում։ 2006-ին արդեն Խաչատրյանը գործվածքի փոքրիկ արտադրություն հիմնեց։ «Կանվոլնիի» արդեն «մեռած» գործարանից գնեց մի քանի հաստոց, դրանց երկրորդ կյանք տվեց։ Ասում է` ուզում էր ապացուցել, որ այս սարքերը լավ էլ գործունակ են։ Այս տարի հաստոցներից մեկի 60-ամյակն են նշել, աշխատում է այնպես, ինչպես «երիտասարդ» ժամանակ։

«Հիմա ընդամենը 6 մեքենայով բավականին մեծ քանակի կտոր եմ արտադրում, պատկերացրեք` եթե մեքենաների քանակն ավելի շատ լիներ։ Թելերը կա՛մ Չինաստանից են ներմուծվում, կա՛մ տեղական արտադրության են»։

Արտադրված մոտ 10 տեսակի գործվածքեղենը հայկական շուկայում է սպառվում` կարի ֆաբրիկաներն են տանում, հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, տպարանները, տարբեր արտադրություններ։ Շատերը ոգևորությամբ գնում են հատկապես այն պատճառով, որ հայկական է։ Մի քանի տեսակի ջինսե կտորներ էլ է արտադրում, դրանցից արտահագուստ կամ պայուսակներ են կարվում, օրինակ` համակարգչի համար։ Սակայն գործվածքն ավելի շատ տեխնիկական կիրառություն ունի, որովհետև մշակում չի անցնում։ Պարզվում է` Հայաստանում արդեն 10 տարուց ավելի է` գործվածքի մշակման արտադրություն չկա։ Հետևաբար` «հայկական հագուստ» ասվածն այսօր հիմնականում նշանակում է արտերկրից ներմուծված կտորից Հայաստանում արտադրված հագուստ։

«Այսօր Հայաստանում գործվածքի ոչ մեծ ծավալի արտադրություններ կան Մարալիկում և Գորիսում, բոլորն էլ տեխնիկական նպատակներով են։ Տարիներ առաջ ընկերություններից մեկում մշակման տեխնոլոգիա կար, ես գործվածքն արտադրում էի, տանում իրենց, մշակում, ներկում էին, հետո ամբողջ տեխնիկան վաճառեցին ուզբեկներին, ու դրանով պատմությունն ավարտվեց»,– նշում է Խաչատրյանը։

Ի՞նչն է խանգարում, որ իր փոքրիկ արտադրության ծավալները մեծացնի, նաև մշակման տեխնոլոգիա ներդնի։ Բացի պահանջվող ֆինանսներից, ըստ Խաչատրյանի, մարդկային ռեսուրսի խնդիր կա` մասնագետներ չկան, ով էլ մնացել է, տարիքով մեծ է, երիտասարդներին այլևս չի հետաքրքրում։

Ինչու՞ Հայաստանում գործվածքի մշակում չկա. Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշեցին, որ այսօր Հայաստանի տեքստիլ ոլորտը համաշխարհային տեքստիլ արդյունաբերության շատ փոքր մասն է կազմում, հագուստեղենն արտադրվում է հիմնականում ներկրված հումքից, ինչը չի պահանջում գործվածքի որևէ տեսակի մշակում։

«Այնուամենայնիվ, որոշ խոշոր ընկերություններ հայտարարել են իրենց բիզնեսի ընդլայնման ծրագրերի մասին, որոնց իրագործման արդյունքում կարող են արտադրվել գործվածքներ, իսկ այդ գործընթացն արդեն իսկ ներառում է ներկումը և վերջնական մշակումը»,– ասված է պատասխանում։

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2018-2020թթ. Հայաստան է ներմուծվել 383,998,764 ԱՄՆ դոլարի հումք։ Տեքստիլ արտադրության հումքի ներկրման հիմնական շուկաներն են Թուրքիան (25 տոկոս), Իտալիան (17 տոկոս) և Չինաստան (17 տոկոս)։

Ինչ վերաբերում է ոլորտում մասնագետների սղությանը, էկոնոմիկայի նախարարությունը մշակել և կառավարության հաստատմանն է ներկայացրել «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը հաստատելու» նախագիծը։ Նշվում է, որ առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն աշխատողների որակավորման կամ վերապատրասման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով խրախուսել մշակող արդյունաբերության ճյուղի գործատուներին` ներգրավելու առավել մեծ թվով պոտենցիալ աշխատողներ։

Մարիաննա ԹԱՅՏՅԱՆ, Sputnik Արմենիա