Արցախի ՄԻՊ․ 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ կեղծ պնդումները առաջ մղելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր սոցցանցերում տարածված տեսանյութին, որտեղ 17-ամյա Էլեն Առստամյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին։
Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին Արցախից Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀ բուհերում սովորող ուսանողներ։ Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է 17– ամյա Էլեն Առստամյանի հարցազրույցը։
Գեղամ Ստեփանյանը հեռախոսազրույց է ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել է նրա հոգեբանական իրավիճակի և ապրումների մասին։
«Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տասնյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տվել է նաև հայ հասարակության մի մասը»,– գրել է նա։
Արցախի ՄԻՊԸ պահանջում է զերծ մնալ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները։
Sputnik Արմենիա