Ռուբեն Վարդանյան․ Կոչ եմ անում երևանցիներին ձայնը տալ «Ապրելու երկիր» կուսակցությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոչ եմ անում բոլոր երևանցիներին՝ ակտիվ մասնակցել ընտրություններին, և իրենց ձայնը տալ «Ապրելու երկիր» կուսակցությանը, որը առաջարկում է նոր մոտեցում և նոր ուղի է ցույց տալիս բոլորին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին մեկնարկած Երևանու ավագանու նախընտրական քարոզարշավին Արցախից տեսակապով հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

 

«Երևանը Հայաստանի մոտավորապես կեսն է, Երևանում է կուտակված մեծ ռեսուրսներ, որոնցով կարող ենք ցույց տալ, թե ինչ է պետք անել, որ փոխվի ամբողջ Հայաստանը: Այսօր շատ կարևոր օր է: Մենք անցնում ենք շատ կարևոր ճանապարհ: Մենք փորձում ենք վերականգնել մեր պետությունն ու պետական մտածելակերպը, որովհետև հայրենիքն առանց պետության շատ դժվար է պահպանել: Մենք հարյուրավոր տարիներ դրա համար մեծ գին ենք վճարել: Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարեք բոլոր այն դժվարությունները, որոնք ունենք այսօր: Ոչ մեկ ոչ մի բան մեզ չի ապահովելու և մեզ պարտական չէ: Եթե խոսում ենք մեր ապագայի ու հայրենիքի մասին, ապա դա մեր պատասխանատվությունն է: Մենք գիտենք, թե դա ինչպես պետք է անենք, ապագան մենք ենք կերտում: Ապագան ունի կարևոր մի հատկանիշ, դա արժանապատիվ, հայրենասեր, ուժեղ պետություն ունեցող, իրեն հարգող հայն է»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք Արցախում այսօր ունենք շատ լուրջ մարտահրավեր.

«Արցախն ու Հայաստանն իրար շատ կապված եղբայրներ են, որոնք առանց իրար չեն կարող ապրել: Ես վստահ եմ, որ մեր ապագան Արցախում է որոշվում: Հայաստանում ապրող մարդիկ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը Արցախում ստեղծված իրավիճակին: Միայն ուժեղը կարող է խաղաղության պայմանագիր կնքել, թույլը չի կարող կյանքում ինչ-որ մի բան ստորագրել»:

News.am