Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում

ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ այսօր հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Միհրան Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Նշվում է, որ Միհրան Պողոսյանը, 2008 թվականից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր թիկնապահ Է.Ս.-ին և իր անձնական վարորդ Հ.Բ.-ին ԴԱՀԿ–ում նշանակել է տարբեր պաշտոնների, սակայն նրանց հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում յուրաքանչյուրը 5–ից 6 տարվա ընթացքւոմ ստացել է ընդհանուր շուրջ 22 մլն դրամի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Միհրան Պողոսյանն իր մորեղբոր երկու որդիներին ԴԱՀԿ–ում տարբեր պաշտոնների է նշանակել։ Նրանք, սակայն, ունեցել են արտոնյալ կարգավիճակ` փաստացի աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, սակայն մեկ տարում ստացել են մինչև 10 մլն–ական դրամի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում Միհրան Պողոսյանն իրեն սպասարկելու համար ԴԱՀԿ հաշվեկշռում գտնվող 4 ավտոմեքենաներն ամրակցել է իր անվտանգության աշխատակիցներին` 3–4 տարում ՀՀ պետական բյուջեի և ԴԱՀԿ ֆոնդի միջոցներից հափշտակելով ավելի քան 40 մլն դրամ:

Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները` Միհրան Պողոսյանը նաև սահմանված կարգի խախտմամբ աճուրդ անցկացնելու պայմաններում 166 հատ տրանսպորտային միջոցներն իրացրել է ցածր գնով և պահանջատերեր Հ.Ա.–ին ու Ռ.Հ.–ին զրկել իրենց հասանելի 13 500 դոլարի և 87 500 դոլարի հատուցումը ստանալուց և այլն:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է «Քեթրին գրուպ», «Բեսթ ռեալթի», «Կեչառիս հոթել» և «Ֆրուտիմեքս» ՍՊ ընկերությունների կառավարմանը, արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորել նրանց:

Արդյունքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերած 1 մլն 190 հազար դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով դրանք ձևակերպել է իբրև փոխառություն:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հսկող դատախազը Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի

- 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը` հինգ դրվագ),

- 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը),

- 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` երկու դրվագ),

- 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)

- 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը` փողերի լվացումը):

Հիշեցնենք, որ դատախազությունը 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում`իրավապահների հսկողության տակ։

2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։

2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։

Sputnik Արմենիա