ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԳՈՐԾՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է։ Ի՞ՆՉԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Կասկածի նշույլ անգամ չկար, որ ազգային օրհներգի և Արագած լեռան մասին Փաշինյանի դատողությունները վաղ թե ուշ հանգելու էին Անկախության հռչակագրի թեմային։ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ հանդես գալով շնորհավորական ուղերձով՝ վարչապետն արտաբերեց բազմաթիվ բառեր, որոնք առաջին հայացքից առանձնակի ոչ մի իմաստ չունեին։ Բայց դա այդպես չէ: Իմաստն այն էր, որ սկիզբ դնի ոտնձգությանն այն փաստաթղթի նկատմամբ, որը կարող էր փայլուն կերպով օգտագործվել որպես դիվանագիտական գործիք՝ Արցախի շուրջ միջազգային հարթակներում բոլոր մակարդակներով ընթացող բանակցություններում։ Մինչդեռ իշխանությունը դրա մասին ընդհանրապես չի հիշատակում։

Կոչ անելով վերլուծության ենթարկել Անկախության հռչակագիրը՝ Փաշինյանը հայտարարեց, թե իբր՝ «տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»։

«Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայցև փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է թե՝ 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»,- բարբառում է Փաշինյանը:

Ակնհայտ է, որ մինչ օրս ուժի մեջ մնացած փաստաթղթում ոչ մի նման բան չկա։ Ընդհակառակը, Անկախության հռչակագրի բոլոր դրույթները հաստատում են Հայաստանի Հանրապետությունը որպես «ինքնիշխան պետություն՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»։ Ամրագրվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը»։ Ըստ էության, իմաստ չունի կանգ առնել Հռչակագրի բոլոր կետերի վրա. այն կարելի է կարդալ ինտերնետում՝ ազատ հասանելիությամբ (https://www.gov.am/ru/independence/)։

Ուրեմն ի՞նչը հանգիստ չի տալիս Փաշինյանին Անկախության հռչակագրի տեքստում։ «Մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն»,- պնդում է Փաշինյանը: Եվ այնուհետ. «Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում: Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը»։

«Եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն» բառաշարը մեկնաբանելը տրամաբանության տեսանկյունից բավական դժվար է, քանզի տրամաբանական կլիներ ճիշտ հակառակ պնդումը՝ «եթե ունենանք անկախություն, կունենանք խաղաղություն», քանի որ միայն ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ և ոչ պակաս ուժեղ դիվանագիտություն ունեցող անկախ պետությունը կարող է խաղաղություն ակնկալել։ Այսօրվա իրավիճակը, երբ թուլացած Հայաստանին որպես սակարկության առարկա են օգտագործում տեղից վերկացող բոլորը, դրա ապացույցն է։

«Մեր երկնքում թևածող ԽՍՀՄ ուրվականի» մասին խոսքերը, դե, պարզապես ծիծաղելի են: Եթե խորամուխ լինենք, կարող ենք տեսնել թերևս միայն Ռուսաստանի բոստանը նետած հերթական քարը:

Այս ամենը ոչ մի իմաստ չունի: Իրականում Անկախության հռչակագիրը վերլուծության ենթարկելու Փաշինյանի կոչի իմաստն ամփոփված է ոչ թե առասպելական «ուրվականների», այլ փաստաթղթի միանգամայն կոնկրետ երկու դրույթների մեջ։ Առաջինը վերաբերում է Հռչակագրի հենց առաջին պարբերությանը, որում ասված է, մեջբերեմ.

« Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։

Հռչակագրի 11-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Այսօր, ձեռքերը լվանալով Արցախից, թողնելով նրան պաշարման մեջ, հայտարարելով առարկայականության և համարժեքության համատեքստում բացարձակ անիրատեսական «Ստեփանակերտի և Բաքվի ուղիղ բանակցությունների» մասին, պատրաստակամություն հայտնելով ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածք, փաշինյանական իշխանությունը, հասկանալի է, ձգտելու է ազատվել թերևս ամենանշանակալի խոչընդոտից, որը, կրկնենք, կարող է դառնալ հայկական կողմի դիվանագիտական էական խաղաքարը, գործող իրավական փաստաթղթից, որում ոչ միայն ամրագրված է Արցախի ինքնորոշման իրավունքը, այլև հայտարարվում է Հայաստանի հետ նրա վերամիավորման մասին։ Եվ Փաշինյանը, «Օվերտոնի պատուհանի» սկզբունքին լիովին համապատասխան, հիմք է ստեղծում հետագա «բանավեճի» համար, որի բուն թեման սկզբում շոկ ու մերժում կառաջացնի հանրության շրջանում։ Իսկ հետո ամեն տեսակի մանիպուլյացիաներով, ստերով, դեմագոգիայով կիջեցնեն հանրային դժգոհության աստիճանը. անցել ենք, գիտենք։

Նույնը վերաբերում է հռչակագրի այն կետին, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Թուրքիայի մեծագույն երազանքն է կոկորդին կանգնած այդ ոսկորից ազատվելը։

Մի խոսքով, թե կա մի բան, որ պետք է ակնկալել ամենամոտ ապագայում, ապա դա փաշինյանական իշխանության ներկայացուցիչների կողմից տեղեկատվական արտանետումներն են Անկախության հռչակագրի «սխալ» լինելու և այն փոփոխելու անհրաժեշտության մասին։ Եվ համապատասխան մանիպուլյացիաներն այդ առնչությամբ։

Եվ որևէ «ուրվականներ» այստեղ կապ չունեն. ո՛չ «կոմունիզմի ուրվականը», ո՛չ էլ «ԽՍՀՄ ուրվականը», որը իբր երևում է Հայաստանի վարչապետի աչքին