ՌԴ ՊՆ․ Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի չորս խախտում է արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 4 խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։

Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Sputnik Արմենիա