Փաշինյան. Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու վերաբերյալ տեղեկություններ կան

Հավաստի տեղեկություններ են ստացվել, թե Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ։

Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ–ում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ, նրանցից շուրջ 5000-ը` նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,– ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ըստ եռակողմ հայտարարության 7-րդ կետի` ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ–ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։

Վարչապետի խոսքով` այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով այնտեղից հայությանը հեռացնելն է։

«Լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,– շեշտեց Փաշինյանը։

Sputnik Արմենիա