Միշուստին. Նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի Անդրկովկասի զարգացումը

Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը։ Այս մասին նա ասել է Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,– ասաց Միշուստինը։

Նրա խոսքով` այս ամենը նաև կամրապնդի ՀՀ–ում ապրող մարդկանց հետ կապը։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հունիսին կայացած եռակողմ աշխատանքային խմբի նիստի արդյունքներով ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առնչությամբ էական առաջընթաց է արձանագրվել։

Նշենք, որ մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր` Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը 2 կոնցեպտի շրջանակում։ Դրանցից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին (խոսքը երկաթուղու մասին է), որոնք պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, իսկ մյուս սկզբունքն այն է, որ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի ՀՀ իրավազորությունը։

Sputnik Արմենիա