Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի  մասնակից «ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Դատախազությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։

Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երևան քաղաքի ուղղության երթևեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ: Նա Գյումրիի ԲԿ-ում շարունակում է իր բուժումը: