12 օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը արդեն 12 օր է, ինչ շարունակում է մնալ Գորիսում: NEWS.am-ի հետ զրույցում Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը հայտնեց, որ Արցախի կառավարությունը միջնորդագիր է ներկայացրել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ աճյունը տեղափոխելու խնդրանքով, իրենք դեռ սպասում են պատասխանի:
«Դեռ սպասում ենք խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, Ադրբեջանը չի թույլատրում: Ծնողները չեն ցանկանում իրենք գալ Հայաստան և այստեղ հուղարկավորեն, նրանք ցանկանում են Ճարտարում հուղարկավորել իրենց երեխային: Հույս ունեմ, որ մի արդյունքի կհասնենք, մի տարբերակ կգտնեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երևան քաղաքի ուղղության երթևեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։