Վեդիի ջրատարում զոհվածները Նոր Կյանք գյուղից էին. տղաներից 2-ը՝ 15 տարեկան էին, մեկը՝ 13 տարեկան

Վեդիի ջրատարում այսօր ողբերգական վթարից զոհվածները Նոր Կյանք գյուղից էին՝ 2-ը 15 տարեկան, մեկը 13 տարեկան: Նրանք սովորում էին Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում, ընկերներ էին:

Նոր Կյանքի վարչական շրջանի ղեկավար Արամ Արտաշյանը հատնեց, որ Ազատի ջրամբարից ակունք առնող ջրատարի մոտ է դեպքը տեղի ունեցել, Նոր Ուղի գյուղի մոտակայքում:

Նա նշեց, որ այլ մանրամասներ ողբերգական դեպքից չգիտի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս Շ, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:

Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ Ս, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է Ղ, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

News.am