Թևանյան. Մասնակցե՛ք ընտրություններին և վռնդե՛ք Փաշինյանին իշխանությունից
«Մայր Հայաստան» դաշինքը՝ առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, բնակիչների հետ հանդիպման 6-րդ օրն անցկացնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Դաշինքի՝ ընտրապայքար մտնելու հիմնական դրդապատճառն է Հայաստանի ադրբեջանականացումից խուսափելը։
«Արցախի 120 000 մեր հայրենակիցներ հայտնվել են պաշարման մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ «Մայր Հայաստան» դաշինքը խնդիր է դրել հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, քանի որ դա Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման երաշխիքն է»,-վստահեցրեց Անդրանիկ Թևանյանը։
Բնակիչներից մեկն ասաց, որ ձայնը տալու է հենց «Մայր Հայաստանին», քանի որ Արցախի հարցը իր համար շատ կարևոր է։ Անդրանիկ Թևանյանը պատասխանեց, որ իր գլխավորած ուժի համար դա առաջնահերթություն է, քանի որ Արցախի թեման իշխանություններն ուզում են մոռացության տալ, ինչը սխալ մոտեցում է։
«Այս ընտրությունները մենք ուզում ենք օգտագործել, որ իշխանափոխություն իրականացնենք։ Նիկոլ Փաշինյանն ուրացել է Արցախը և հարցականի տակ դրել ՀՀ գոյությունը։ Իշխանափոխությունը Երևանում կհանգեցնի իշխանափոխության ամբողջ Հայաստանում»,-ասաց «Մայր Հայաստանի» առաջնորդը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ շատ վրդովված է «կեղծ պատերազմի» համար, զոհված երեխաների, մեր զոհված ապագայի համար, այն սերնդի համար, որին կորցրինք։ Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց, որ նոր կորուստներ թույլ չտալու համար պետք է գործող իշխանությանը հեռացնենք։
«Նիկոլ Փաշինյանին հեռացնելը բոլորիս սուրբ և քաղաքացիական պարտականությունն է։ Ամենակարևորը, որ մարդիկ ընկալեն, որ սա աթոռակռիվ չէ․ աթոռակռիվ լիներ՝ մանդատս չէի դնի։ Եթե երկիրը կորցնենք՝ արդեն կապ չունի, թե ով որ աթոռի վրա է նստած լինելու»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
«Մայր Հայաստանը» թույլ չի տալու, որ Երևանը Էրիվան դառնա, Հայաստանն էլ Արևմտյան Ադրբեջան։ Դաշինքը կոչ արեց միանալ՝ փոխելու նպատակով։
«Ժողովուրդ ջան, չմտածեք, որ ձեր քվեով ոչինչ չեք կարող փոխել, ոտքի կանգնեք և ձեր քվեով լուծեք Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
«Մայր Հայաստան» դաշինքի կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։
News.am