Վազգեն Մանուկյանը բաց նամակով համախմբման կոչ է արել և դիմել համախոհներին

Այժմ դրված է ոչ միայն Արցախի հարցը, այլև մեր պետությունն ու ողջ հայությունն է կանգնած ոչնչացման վտանգի առաջ։ «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին և ներկա անդամներին ու համախոհներին ուղղված բաց նամակում այս մասին ասել է կուսակցության նախագահ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Նրա համոզմամբ` այս վճռորոշ պահին կրկին բոլորիս համախմբվածությունն է պահանջվում։ Այդ նպատակով նա մատնանշում է հետևյալ երեք հիմնական սկզբունքը, որոնք անհրաժեշտ է առաջ տանել և պաշտպանել։

1. Կառուցել անկախ, ինքնիշխան, իր անվտանգային համակարգով պաշտպանված պետություն։

2. Ստեղծել բոլորին միավորող ներքին մթնոլորտ՝ հիմնված մեր ազգային արժեքների, մեր հարուստ պատմության ու հպարտության վրա։ Կրթական համակարգ, որը մեր երիտասարդներին պետք է տա ժամանակակից գիտելիքներ։

3. Պաշտպանել մեր հայրենակից արցախցիների անկախության ձգտման պահանջը՝ ոչ միայն մարդասիրական և ազգերի ինքնորոշման սկզբունքներից ելնելով, այլ գիտակցելով, որ Արցախը պատմական հայկական տարածք է՝ հազարամյակների ընթացքում բնակեցված բնիկ հայ բնակչությամբ։

«Մեզանից ոմանք մինչև 1988 թվականը, իսկ բոլորս միասին՝ 1988 թվականից սկսած, պայքարել ենք հանուն ազատության և ազգային գաղափարների։ Այդ պայքարի ընթացքում մենք զոհաբերել ենք մեզ, անցել բանտերով, ռազմաճակատներով, քաղաքական բուռն պայքարներով՝ իրականացնելու այդ 3 պարզ սկզբունքը»,– նշել է նա։

Ըստ Մանուկյանի` Հայաստանում իշխանության անթաքույց ջանքերով միաժամանակ քանդվում են այս 3 սկզբունքները։

Այդ իսկ պատճառով նա իր գաղափարակից գործընկերներին ու համախոհներին կոչ է արել սեպտեմբերի 2-ին գնալ Ազատության հրապարակ և ակտիվորեն մասնակցել ի պաշտպանություն Արցախի հանրահավաքին։

Sputnik Արմենիա