Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական օգնության» ուղարկման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական օգնության» ուղարկման մասին։

Ըստ haqqin.az-ի՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը «մարդասիրական օգնություն է ուղարկում Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ մարդկանց»։ Ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտնել է, որ Բաքվից երկու մեքենա է ուղարկվել։

Նրա խոսքով՝ «հումանիտար բեռներով» ավտոշարասյունը կշարժվի Ակնայով (Աղդամ) անցնող ճանապարհով։

«Նախնական փուլում նախատեսվում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք։ Իհարկե, կտրամադրվեն նաև պարագաներ, վրաններ, տեխնիկական միջոցներ մեր աշխատակիցների գործունեության համար։ Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Կարծում եմ, որ այս քայլը դրականորեն կընդունվի թե՛ հանրության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում բնակվող ազգությամբ հայ բնակչության կողմից (այսպես Ադրբեջանում անվանում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը – խմբ.)»,- ասաց Ասլանը։ Նա նշել է, որ «անհրաժեշտության դեպքում կարող է կրկին օգնություն ուղարկվել»։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում ավելի քան 6 ժամ նիստից հետո միասնական որոշման հնարավոր չի եղել գալ, սակայն «հացի խնդիրը մի քանի օրվա ընթացքում կլուծվի»։

Դեռ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում Ակնայով անցնող ճանապարհն օգտագործելու հնարավորության մասին հայտարարություններն ընդունվել էին բետոնե պատնեշների տեղադրմամբ։

Մինչդեռ Բաքուն խուլ է մնում Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին։

News.am