Դավիթ Բաբայան. Ադրբեջանից ուղարկված հումանիտար բեռը ընդունելու որևէ որոշում չկա

Ադրբեջանից ուղարկված հումանիտար բեռը ընդունելու որևէ որոշում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Այդ հարցով ոչ մեկ մեզ չի դիմել նույնիսկ, հետևաբար դա մենք համարում ենք որպես Ադրբեջանի կողմից հերթական պրովակացիան: Բացի նրանից, որ սա մեզ համար անընդունելի է, ծաղրում են մեզ, միջազգային օրենքը և նորմերը՝ շրջապատելով, պաշարելով Արցախը, Բերձորի միջանցքը, նույնիսկ մեքենաների համարները 44-ով են, ինչը 44-օրյա պատերազմն է խորհրդանշում: Իրենց մոտ այնքան է անպատժելիության զգացումը ուժեղացել, որ նույնիսկ նման սխալներ են թույլ տալիս»,-ասաց նա:

Բաբայանը շեշտեց, որ ադրբեջանցիները ցանկանում են պարտադրել իրենց հումանիտար օգնությունը, սակայն իշխանությունը և ժողովուրդը այս հարցում համակարծիք են, չեն ցանկանում ընդունել այդ օգնությունը:

Անդրդառանալով համացանցում տարածված տեսանյութերին, թե իբր բեռնատարները անցել են ռուս խաղաղապահների անցակետը, Բաբայանը նշեց, որ չի կարծում, որ այդպես է, դա ադրբեջանական քարոզամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:

Նշենք, որ այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը: