Ռուս խաղաղապահներն առաջարկել են թույլ տալ ադրբեջանական բեռնատարները մտնեն Արցախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Ռուս խաղաղապահների հրամանատարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ և դեռևս քաջածանոթ չէ ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի լավ տեղեկացված լինի: Բայց նրանք, որոնք վաղուցվանից այստեղ են, զորակազմի համապատասխան պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկացված են մեր և ադրբեջանական կողմի մոտեցումներին»,-ասաց նա:
Իշխանյանի խոսքով, վերը նշված քննարկումները դեռևս որևէ արդյունք չեն տվել. «Համենայնդեպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքն Արցախի Հանրապետության տարածք, որևէ արդյունք չի տվել: Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվել և այդ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են, դրանք ավարտված չեն: Այստեղ շատ կարևոր է Արցախի ընդհանուր դիրքորոշումը և ռուսական կողմի՝ համապատասխան բացատրություններ տալը»,-ասաց Իշխանյանը:
Նա հավելեց, որ ռուսական կողմը ևս պետք է տեղեկացված լինի այն ընդհանուր իրավիճակին, որն առկա է, և այն տեսակետներին, որ ունի արցախյան կողմը. «Ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում էլ կավարտվեն և կունենան իրենց տրամաբանական ավարտը: Մեր սպասելիքները պետք է որ արդարանան»,-ընդգծեց Արցախի ԱԺ նախագահը:
News.am