ԵՄ ԱԳ նախարարները Տոլեդոյում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգում, որն ընթանում է այսօր Իսպանիայում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը:

«Մենք ֆրանսիացի գործընկերոջ (Կատրին Կոլոննայի) հետ օրակարգում ներառել ենք նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է»,-Բերբոկի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը Տոլեդո քաղաքում ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստի մեկնարկից առաջ։

Գերմանացի նախարարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար:

Բերբոկը նաև նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքներ են փոխանակում ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի երաշխավորեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա մարդասիրական օգնությունը:

Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։

Sputnik Արմենիա