Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական կտա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ վաղը արցախցուն ու Ազգային ժողովին ներկայացնելու է իր հրաժարականի դիմումը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հարությունյանը։

«Այս վերջնական որոշումը կայացրել եմ 2 օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,– նշել է Հարությունյանը։

Նա շեշտել է, որ մինչ այդ էլ այսօրվա հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Փոխարենը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ում լայն լիազորություններ են տրվել։

Նա ընդգծել է, որ 2020 թվականի մայիսին իր ընտրվելու հենց հաջորդ օրվանից անցել է Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու գործին, սակայն մի քանի ամիս անց սկսվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմը, որն ավարտվել է հայկական կողմի պարտությամբ:

«Ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը։ Բոլոր դեպքերում, ես հիմա կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար։ Իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին»,– նշել է Հարությունյանը։

Sputnik Արմենիա