ԱՄՆ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները Արցախի շրջափակման համար դիմել են Բայդենին
ԱՄՆ քրիստոնեական մի շարք եկեղեցիների առաջնորդներ նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար:
Նամակի հեղինակները խնդրում են ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ դնելու, ինչպես նաև հակամարտության տևական կարգավորման համար միջոցներ ձեռնարկելու համար:
Տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ խնդրում են դադարեցնել սողացող ցեղասպանությունը, տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և երաշխավորել, որ այն կհասնի իր նպատակակետին:
«Մենք նաև կոչ ենք անում ձեզ անել հնարավորը` անհապաղ դիվանագիտական լուծում գտնելու համար, ներառյալ աշխատանքը միջազգային գործընկերների և Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների հետ՝ այս շարունակվող քաղաքական ճգնաժամի և հումանիտար աղետի լուծումը գտնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հեղինակները վկայակոչում են նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորեն Օկամպոյի պատրաստած զեկույցը, որտեղ ներկայացված է ԼՂ-ում Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նամակում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Freedom House-ը, Lemkin Institute for Genocide-ը:
Նշենք, որ Բայդենին ուղղված դիմումի տակ ստորագրել են ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ և գլխավոր քարտուղար եպիսկոպոս Վաշթի Մերֆի Մակքենզին, Հյուսիսային Ամերիկայից եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի դոկտոր Անժելիկա Ուոքեր-Սմիթը, Միացյալ նահանգներում քրիստոնեական եկեղեցիների գործադիր տնօրեն դոկտոր Մոնիկա Շափ Փիրսը, Ամերիկայում բարեփոխված եկեղեցու գլխավոր քարտուղար վերապատվելի Էդդի Ալեմանը:
Բացի այդ, ստորագրել են Արևելքի Ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա III-ը, Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի էկումենիկ առաջնորդ և թեմական պատվիրակ արքեպիսկոպոս Վիկեն Հայկազյանը, Ամերիկայի հունական ուղղափառ արքեպիսկոպոսության ղեկավար ամերիկյան արքեպիսկոպոս Էլպիդոֆորը, Անտիոքի, Ղպտի, առաջադիմական, աֆրիկյան և մեթոդիստական, պրեսբիտերական, մորավական, սիրիական, բապտիստական, լյութերական և այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Sputnik Արմենիա