ՇԼՅՈՒԶՆԵՐ «ԻՆՏԵԳՐՄԱՆ» ՀԱՄԱՐ: Ո՞Վ Է ՉԵՂԱՐԿԵԼ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Արմեն Սարգսյանի և ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի, առաջին անգամ չժամանեց պատվիրակությամբ Ստեփանակերտ՝ նշելու ԼՂՀ կազմավորման 30-րդ տարեդարձը: Հաշված օրեր են մեզ բաժանում 32-րդ տարեդարձից

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստն ընդունեց որոշում, որով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նրա կազմի մեջ մտան ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքները։ Դրանից մեկ տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նիստն ընդունել էր Անկախության հռչակագիրը: Այդ իրադարձության 33-րդ տարեդարձը ռեժիմի պարագլուխն օրերս նշեց Հայաստանի Երրորդ հանրապետության հիմքում դրված փաստաթղթի գլխավոր դրույթների սկանդալային վերանայումով։ «Եթե ուզում է քննադատել հռչակագիրը, ապա նախ պետք է հրաժարական տա և քննադատությամբ զբաղվի որպես հպարտ քաղաքացի, այսինքն՝ որպես մասնավոր անձ»,- այդ առնչությամբ հայտարարեց Սուրեն Զոլյանը:

Հռչակագրի ընդունման տարեդարձի կապակցությամբ Փաշինյանի ելույթը համընկավ Արցախում քաղաքական իրավիճակի սրման հետ։ Այդ խորապատկերին ԽՍՀՄ ուրվականին հղում կատարելը անկախության թեմայի հերթական շահարկումն է, ձայնակցումը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն արատավոր թեզին, թե իբր՝ Մոսկվան Հայաստանին պարտադրում է անդամակցել Ռուսաստան-Բելառուս միությանը։

Թեզը գործնականում չնչին իսկ հաստատում չստացավ, դրան հաջորդեց միայն ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կոռեկտ շշպռանքը, մինչդեռ ռեժիմի պարագլուխն ու իր քարոզչամեքենան պարբերաբար ներշնչում են Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացիներին, թե մեր անկախությանը սպառնացող վտանգը բխում է Կրեմլից։ Փաշինյանը զավթիչների առջև բացեց դարպասը 2021 թվականի մայիսի 12-ին, իսկ այսօր մեղադրում Է Ռուսաստանին, թե Հայաստանը կորցրել է սուբյեկտայնության էական բաժինը։

Ակնհայտ է դասական օրինակը, երբ մեղավորին թողած՝ անմեղին են բռնում, իբր՝ «մի ուրվական է շրջում Հայաստանում, ԽՍՀՄ ուրվականն է դա»։ Այդ ուրվականն արդեն վաղուց խմորվել ու թթվել է, բայց ռեժիմի պարագլուխը շարունակում է դրանով վախեցնել պատանեկան մտածողությամբ առանձնակի տպավորվող քաղաքացիներին, որպեսզի Ռուսաստանի վրա բարդի ժողովրդի և հայկական երկու պետությունների առջև իր իսկ հանցագործությունների մեղքը։

Սկսեց խորհրդանիշների վերանայումով (Փաշինյանին, հիշեցնեմ, դուր չի գալիս Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական զինանշանի վրա և պետական օրհներգի վերջին քառատողը, նա իրենն է գրել), իսկ վերջացրեց հիմնարար փաստաթղթի դատափետումով։ Արցախի Հանրապետության ապագայի և Արևմտյան Հայաստանում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայաստանի ուղեգծի հետ կապված դրույթների վերանայումը «տևական խաղաղության դարաշրջանի» մոտեցման գինն է. հերթական քիմեռի, որը Փաշինյանը փորձում է պարտադրել ժողովրդին համընդհանուր երջանկության և համակարգային կոռուպցիայի նկատմամբ հաղթանակի քիմեռներից հետո։

Հրաժարվելով Արցախից՝ իշխող ռեժիմը հրաժարվում է Անկախության հռչակագրից, 5 տարվա ընթացքում ինքնիշխանության նշաձողն իջել է այն աստիճանի, որ Երևանին խաղի կանոններ են պարտադրում Բաքվից ու Անկարայից։ Վիկտոր Կրիվոպուսկովին Երևան այցելել արգելելը Ալիևի հրահանգի նույնպիսի կատարում է, ինչպիսին գեներալներ Միքայել Արզումանյանի և Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը: 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության պահպանված պատառիկը գտնվում է Ադրբեջանի հետ ինտեգրման փուլում՝ 120 հազարանոց «ազգային փոքրամասնության» պայմաններով։

«Ինտեգրման» (ուծացման եվ էթնիկ զտումների) շլյուզները բաց են, ինչի մասին կառավարության վերջին նիստում հայտարարեց Փաշինյանը՝ վկայակոչելով Ալիևի ծրագրերի մասին «ստացված տեղեկությունները». բոլորին թույլ տալ դուրս գալ Արցախից և ոչ մեկին ներս չթողնել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք մեր լսարանին, որ սովամահության մատնելը Ալիև-Փաշինյան ծրագրի լոկ առաջին մասն է, այսօր արդեն խոսքը երկրորդի մասին է, ընդ որում Փաշինյանը հնչեցրեց դա բաց տեքստով։ Վերջին օրերին ռեժիմի պարագլուխը խաղում է բաց խաղաքարտերով, արդեն չթաքցնելով, որ խաղը վարում է Ալիևի և Էրդողանի կողմից՝ ընդդեմ Արցախի Հանրապետության, ինչը հստակ նշեց Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով նրա վերջին հայտարարություններին։

Հիմնարար փաստաթղթերի վերանայումը՝ ստեղծված իրողություններին դրանք հարմարեցնելու նպատակով, քայլ է սպառողականության վրա հիմնված, ազգային արժանապատվությունից ու պատմական հիշողությունից զուրկ նոր հայ հասարակության ստեղծման ճանապարհին: Աղդամով անցնող ճանապարհի հարցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բանակցությունները՝ Փաշինյանի թելադրանքով, հանգեցնելու են արցախահայության «ինտեգրման» շլյուզի բացմանը: Դրան կհաջորդեն Հայաստանի տարածքային զիջումները սողացող բռնազավթման արդյունքներով, որը 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր մի պահ անգամ չի դադարել։

Պետական ատրիբուտների վերանայումը Սյունիքի հանձնման նախերգանքն է, որին կհաջորդեն Գեղարքունիքն ու Վայոց Ձորը։ Բայց դա կլինի այն բանից հետո, երբ Արցախում (պետական մակարդակով) և Հայաստանում (ոչ պետական մակարդակով) կնշեն Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստի որոշման 32-րդ տարեդարձը: Այդ որոշմանը փոխարինելու կգա խաղաղության և միջպետական համագործակցության մասին համաձայնագիրը՝ հաստատված Փաշինյանի և Ալիևի ստորագրություններով։

Անկախության հռչակագրի և հիշյալ որոշման հիման վրա աշխարհի քաղաքական քարտեզում ավելի քան 30 տարի առկա էին հայկական երկու հանրապետություններ, որոնք ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քաղաքականության գործոն էին, քանի որ երկու հանրապետություններն էլ հենվում էին տարածաշրջանի ամենամարտունակ բանակի և բազմավեկտոր գործընկերության վրա, որն ապահովում էր հայ ժողովրդի անվտանգությունը: Այդպես էր նախքան սորոսաթուրքական հինգերորդ շարասյան կողմից իշխանության զավթումը, ինչն իրականացվեց Ալիևի նավթադոլարներով՝ Սորոսի հիմնադրամի միջոցով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ին ժամը 18-ին հանրահավաք է նշանակված Երևանի Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Արցախի: Նույն օրը նախատեսված է երթ դեպի Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Կազմակերպչի դերում հանդես է գալիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորած Արցախի անվտանգության և զարգացման ճակատի տեղական համակարգող Թևան Պողոսյանը: