Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 11 բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստան
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Իսկ Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Sputnik Արմենիա