Թևանյան․ Դադարեցնում ենք պլանավորած հանդիպումները և մեկնում ենք Սոթքի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մայր Հայաստան» դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Facebook-ի իր էջում հայտարարել է դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք այսօր նախատեսել էինք հանդիպումներ Երևանի Ավան համայնքի բնակիչների հետ, սակայն ցավալիորեն, ինչպես հայտնի է, Ադրբեջանը հարձակվել է Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ, ունենք զոհեր:
Ցավակցում եմ զոհերի հարազատներին, մեր ժողովրդին, կա վիրավոր այս պահին: Հարձակումները թշնամու կողմից շարունակվում են: Ելնելով ստեղծված իրավիճակից մենք դադարեցնում ենք մեր նախապես պլանավորած հանդիպումները, քարոզչական այցերը և այս պահին թիմակիցներով մեկնում ենք Սոթքի ուղղությամբ տեղում իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու, ձեզ հաղորդելու, տեղի բնակչության հետ շփվելու, նրանց կողքին լինելու համար:
Բոլորիս ուժ և համբերություն եմ մաղթում: Ցավոք սրտի այս, այսպես կոչված, «խաղաղության օրակարգն» էր, որը մեր գլխին բերում է Նիկոլ Փաշինյանը և իր վարած քաղաքականությունը:
Երբ տեղում կլինեմ, տեղից որոշակի տեղեկություններ կհաղորդեմ, կհասկանամ՝ մթնոլորտն ինչպիսին է»:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
News.am