Հայտարարությունները չեն օգնում, պետք են քայլեր. ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Մի խումբ քաղաքացիներ այս պահին Երևանում UNICEF-ի գրասենյակի դիմաց պահանջում են, որ ՄԱԿ–ը գործուն քայլեր ձեռնարկի Արցախում շրջափակման մեջ հայտնված 30,000 երեխաների իրավունքները վերականգնելու ուղղությամբ։
«Արցախում այնքան են կարևորում գիտելիքն ու կրթությունը, որ անգամ այս պայմաններում փորձում են երեխաներին դպրոց ուղարկել։ Բայց չկա վառելիք, երեխաները թերսնված են, որոշների մոտ հիվանդություններ կան, և այսօր անգամ ուշաթափության դեպքեր են եղել։ Շատ լավ է, որ միջազգային կառույցները հայտարարություններ են անում, բայց եթե դրանք չեն դադարեցնում ցեղասպանությունները` ուրեմն բավարար չեն»,– իր ելույթում ասաց ակցիայի կազմակերպիչ Նարե Սիմոնյանը։
Նրանք հիշեցնում են` հայտարարությունները չեն լուծում խնդիրները, չեն օգնում արցախցի երեխաներին, այսպիսով` առ ոչինչ է դառնում UNICEF-ի պնդումը, թե բոլոր երեխաները հավասար են։
Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակից պահանջելու են նաև օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին հնչեցրած հայտարարությունների հիման վրա ընդունել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև։
Նրանք իրենց պահանջը UNICEF-ի գրասենյակի դիմաց հնչեցրեցին նաև անգլերենով, որից հետո ակցիայի երկու մասնակիցների ներս թողեցին գրասենյակ նամակը հանձնելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ ԱԽ նիստը կայացել է օգոստոսի 16-ին։
Այդ օրը, սակայն, որևէ փաստաթղթով չարձանագրվեցին նիստին ելույթ ունեցող երկրների դիրքորոշումները։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այս մասով հայտնել էր, որ ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկումն է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։
Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։
Sputnik Արմենիա