Անկախության հռչակագրի ընդունման օրը Արցախում հոգեհանգստյան կարգ է մատուցվել

Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր Արցախի բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաներն այցելել են քաղաքային պանթեոն-հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշակոթողին։ Տեղեկությունը հայտնում է Արցախպրեսը։

Արարողությանը մասնակցել են Արցախի ԱԺ նախագահ Դավիթ իշխանյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար անձինք, քաղաքացիներ։

Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

«Ժողովրդի մեջ կա մտայնություն, որ այս 30 տարիների մեջ ոչնչի չհասանք, բայց պետք է ասեմ, որ այդպես չէ։ 1992 թվականի սեպտեմբերի 2-ը ազգային զարթոնք է խորհրդանշում։ Այսօր էլ ժամանակները շատ ծանր են։ Մեզ համար շատ կարևոր է ներքին և համահայկական կայունության ապահովումը, իսկ համահայկական կայունությունը համահայկական միասնությունն է»,– Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի խոսքն է մեջբերում գործակալությունը։

Իշխանյանը շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ու մաղթել, որ բոլորի մոտ ամրանա այն գիտակցումը, որ ներքին կայունությունը շատ կարևոր է մեր նպատակներին հասնելու համար։

Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Sputnik Արմենիա