Կոստանյան․ ՌԴ-ի հետ բաց քննարկումներ ենք անցկացնում

Հայ դիվանագետները ռուսաստանցի գործընկերների հետ մշտապես պարզ և բաց քննարկումներ են ունենում, որոնք կապված են անվտանգության հետ։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով հարցին` արդյոք ռուս գործընկերներին հարցնում են Հարավային Կովկասից հեռանալու ՌԴ հնարավոր մտադրությունների մասին։

«Մեր ռուսաստանցի գործընկերների հետ մենք շատ բաց և պարզ քննարկումներ ենք ունենում, արտահայտում ենք այն դժգոհությունները, որոնք կապված են Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականության կամ բացակայող քայլերի հետ։ Քննարկումներ տարվում են բոլոր հարցերի շուրջ»,– նշեց Կոստանյանը։

Փոխնախարարը միաժամանակ չպատասխանեց այն հարցին, թե ինչու ռուսական կողմը, իր կարծիքով, չի կատարում իր պարտավորությունները։ Նա միայն հավելեց, որ այդ հարցը հայ դիվանագետներն ուղղում են քննարկումների ժամանակ։

Կոստանյանի խոսքով` երբ նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, Երևանն ակնկալում էր մի փոքր այլ, ավելի ադեկվատ արձագանք ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից:

Sputnik Արմենիա