ԱԳ փոխնախարար․ Պատրաստ ենք շարունակել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
Հայաստանը պատրաստ է շարունակել ՆԱՏՕ–ի հետ գործընկերությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Հայաստանը պատրաստվում է միանալ ՆԱՏՕ–ին։
Նշենք, որ ՆԱՏՕ–ի ընդլայնման եվրոպական կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆելինգերն այսօր X-ում Հայաստանին, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոչ էր արել անդամակցել ՆԱՏՕ–ին։
«Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունն առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը»,– նշեց Կոստանյանը։
Նշենք, սակայն, որ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպությունը ՆԱՏՕ–ի հետ որևէ կապ չունի, այն ուղղակի ոչ կառավարական կազմակերպություն է։
Հիշեցնենք` 2018–ին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետի ԺՊ էր, հայտարարել է, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ–ին։
Sputnik Արմենիա