Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՉԷ, ԱՅԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ՝ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ

Արցախի խնդիրը զուտ որպես հումանիտար հարց ներկայացնելը թե ռազմավարական, թե մարտավարական առումներով սխալ է ու չափազանց վտանգավոր: Դրանով իսկ էապես իջեցվում է Խնդրի կարգավիճակը, դրվում աշխարհում առկա բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի շարքում:

Օրինակ, այս պահին Մալիում շուրջ 5 մլն երեխա հումանիտար օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ մինչև տարեվերջ նրանցից մոտ 200 հազ.-ը կարող են մահանալ սովից:

Համադրելով սա Արցախում առկա հումանիտար խնդրի հետ՝ հասկանում ենք, որ գործ ունենք անհամեմատ ավելի բարդ իրավիճակի հետ:

Հարցը պետք է դիտարկել միջազգային հանրության, միջազգային ինստիտուտների դիտանկյան տակ: Դրանք անխուսափելիորեն գնահատելու են այս կամ այն երկրում առկա հումանիտար ճգնաժամը ըստ ծավալի: Քանակական մեթոդով: Եվ ըստ այդմ էլ սահմանվելու են առաջնահերթությունները:

Երբ Արցախի խնդիրը իջեցվում է հումանիտար ճգնաժամի մակարդակի ՀՀ ՛՛իշխանությունների՛՛ կողմից, ապա դա միանգամակայն հասկանալի է՝ հաշվի առնելով վերջիններիս մոտ Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար քաղաքական կամքի իսպառ բացակայությունը: Երբ դա անում են Արցախի ճակատագրով անհանգստացող փորձագետներն ու ընդդիմության ներկայացուցիչները, ապա կամ չեն հասկանում, որ հայտնվել են պրոպագանդիստական ծուղակի մեջ, կամ էլ ահնասկանալի է՝ որ աստվածներին են ծառայում:

Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական՝ հումանիտար բաղադրիչով:

Վահե ԴԱՎԹՅԱՆ, Ֆեյսբուքյան էջ