Սահմանամերձ Շուռնուխում նոր թաղամասի շինարարությունը հետաձգվել է մինչև 2023 թ. վերջ

Ադրբեջանին սահմանակից Սյունիքի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը հետաձգվել է մինչև 2023 թվականի վերջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

«Բնակելի թաղամասի 13 տների շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականի տարեվերջ։ Միաժամանակ կավարտվի ջրագծի կառուցումը։ Ջուրը թաղամաս կհասցվի շուրջ 3 կմ հեռավորության վրա գտնվող նոր ջրաղբյուրից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ կատարվել է շինարարական աշխատանքների 80-ը։

Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ին գրել էինք, որ Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը հերթական անգամ հետաձգվում է, բայց բնակիչներին մտահոգողը միայն դա չէ. տները շահագործման հանձնելու պահին կմնան առանց խմելու ջրի: Օգստոսի 19–ին Շուռնուխ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու անձամբ համոզվել, որ թաղամասը պատրաստ չէ։

Այս տարվա հուլիսին էլ գրել էինք, որ ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ խախտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։ Ի սկզբանե նախատեսվում էր 13 տուն հանձնել 2021 թ. վերջին:

Քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ նոր թաղամասի տների հանձնման ժամկետ է սահմանվել 2023 թ. օգոստոսի 15-ը: Բայց դա էլ տեղի չունեցավ: