Բորել․ ԼՂ-ում իրավիճակը պատշաճ կերպով չկարգավորելը կարող է ազդել ԵՄ-ի հետ կապերի վրա

Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի լուծումը պատշաճ կերպով չիրականացնելը կարող է գործնական ազդեցություն ունենալ Եվրամիության հետ հարաբերությունների վրա։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եվրամիությունը կշարունակի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության առումով ազդել Բաքվի վրա, քանի որ դա պատշաճ կերպով չկատարելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»,– ասված է Բորելի հայտարարության մեջ։

Միաժամանակ շեշտվում է, որ Ադրբեջանի հետ 2022թ հուլիսի 18-ին էներգետիկայի ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կասեցում ներկայում չի դիտարկվում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը շարունակում է ուշադիր հետևել Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին։ Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել բացել միջանցքը։ Հիմա էլ շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվորեն մասնակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների փոխընդունելի կարգավորման ուղղությամբ աշխատանքում օգնություն ցուցաբերելու հարցում։

Sputnik Արմենիա