Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ բացառապես իր պայմաններով խաղաղության հարցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալությանը և հունգարական Magyar Demokrata պարբերականի հարցազրույցում, որը տվել է Հունգարիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։

«Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում։ Մենք <...> համոզված ենք, որ խաղաղության օրակարգը պետք է շարունակվի, մենք վճռականորեն ենք տրամադրված այդ գործընթացն ավարտելու հարցում։ Պետք է ավարտվի նաև համաձայնագրի վերջնական տեքստի մշակումը, որը պետք է հիմնվի բացառապես միջազգային իրավունքի նորմերի վրա»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ Նա նշել է, որ Բաքվի դիրքորոշումն այն է, որպեսզի «հետևում մնա թշնամանքը և նոր դարաշրջան սկսվի երկու երկրների միջև», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ, Բայրամովը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «հողի վրա սադրանքներ կատարելու» մեջ։ Նրա խոսքով՝ «տարածաշրջանում լարվածության և պայթյունավտանգության լուրջ աղբյուր է Ադրբեջանի տարածքում հայկական զինված կազմավորումների (մոտ 10 հազար մարդ) ցայսօր պահպանվող ներկայությունը»։ Բայրամովը հայտարարել է, որ այդ ուժերին պահում է Հայաստանը, որը ֆինանսավորում է նրանց իր պետական բյուջեից։ «Այդ կազմավորումների անձնակազմի մի մասը Հայաստանի Զինված ուժերի զինվորական անձնակազմն է։ Կան սա հաստատող բազմաթիվ ապացույցներ»,- հավաստիացրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

News.am