Մարուքյան․ Ադրբեջանն ուզում է խաբել միջազգային հանրությանը, թե ԼՂ-ում շրջափակում չկա
Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքն անօրինական արգելափակված չէ։ X–ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին։
«Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։ Մինչդեռ միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ հաստատված միջանկյալ որոշումներով, հաստատել են, որ Լաչինի միջանցքը արգելափակված է, իսկ ժողովուրդը սովահարության շեմին է»,– գրել է Մարուքյանը։
Եթե Լաչինի միջանցքը փակված չէ և Լեռնային Ղարաբաղում պաշարում ու սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա, ըստ Մարուքյանի, ինչո՞ւ է Ադրբեջանը Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը։
Նշենք, որ օգոստոսի 29–ին ադրբեջանական կողմը 40 տոննա ալյուր էր փորձում ուղարկել Ստեփանակերտ։ Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց էին իրականացրել` նշելով, որ ադրբեջանական կողմի Աղդամով ուղարկած ադրբեջանական բեռն իրենք չեն ուզում։
Sputnik Արմենիա