Կ․Քոչարյան․ Ընտրություններում իշխանությունը 3 լուրջ մրցակից ունի
«Մայր Հայաստան» դաշինքը, «Ազգային առաջընթաց» և «Ապրելու երկիր» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններում իշխանությունների լուրջ մրցակիցներն են։ Այս մասին սեպտեմբերի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից փորձագետն առանձնացրել է 4 ուժի (վերը նշվածները, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»), որոնք, նրա գնահատմամբ, իսկապես աշխատում են։
Քոչարյանն ընդգծել է, որ բովանդակային առումով քաղաքական պայքարում նախորդ ընտրությունների համեմատ փոփոխություններ չկան։
«Ընդդիմությունն իր գործն է անում, իշխանություններն էլ՝ իրենցը։ Սկզբում իշխանությունները փորձեցին չքաղաքականացնել ընտրությունները, այլ քարոզչություն իրականացնել քաղաքային ընտրությունների կարգախոսով։ Հետագայում, սակայն, սկսեցին օգտագործել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մարզերից մարդկանց Երևան բերելը, իսկ լրատվամիջոցների տվյալներով, նաև քրեական տարրերի կամ տեղական հեղինակությունների ներգրավելը։ Բացի այդ, կա ֆինանսական ռեսուրսների գործոնը։ Հայտնի չէ, թե իշխանությունները որտեղից են հավաքել 1,5 մլն դոլար։ Տեղեկատվությունն այն մասին, թե ով է նվիրաբերել այդ միջոցները, գաղտնի է պահվում»,- նշել է քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, «Մայր Հայաստան» դաշինքից՝ Անդրանիկ Թևանյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Մանե Թանդիլյանը։
Պատասխանելով հարցին, թե իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի և Հայկ Մարությանի դիմակայությունը լո՞ւրջ պայքար է, թե՞ խաղ, փորձագետն ասել է, որ դա խաղ չի համարում։
Նշենք, որ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։