Առգրավվել են ատրճանակներ, նռնակներ. ՔԿ-ն` Սյունիքում 7 հոգու ձերբակալության մասին

Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանը։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ձերբակալությունները կապված են ավելի վաղ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության հետ։

«Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»,- նշում է ՔԿ–ն։

ԱԱԾ ծառայողների կողմից տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր գործունեության շղթայում ներգրավված է ևս 7 անձ։ Նրանք սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

ՔԿ-ից հայտնում են, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Իրավապահները փորձում են պարզել նաև զենք-զինամթերք ձեռք բերելու աղբյուրն ու նպատակները։

Sputnik Արմենիա