ՌԴ ԱԳՆ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը` միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Գերատեսչությունը մտահոգություն է հայտնել նաև սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։
Միաժամանակ Մոսկվայում հաստատում են, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կկատարվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
«Ի թիվս այլ հարցերի, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելություն ուղարկելուն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ասվում է, որ ռուսական կողմը շարունակելու է այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։
Sputnik Արմենիա