Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճը քննարկել է Գերմանիայի կանցլերի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ–ադրբեջանական սահմանի լարվածության աճի միտումները քննարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Շոլցը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և նույն հայտարարությունն արել նրա հետ զրույցում։

Sputnik Արմենիա