Հայաստանը լիովին հրաժարվում է մահապատժից՝ որպես պատժի առավելագույն չափից

Մահապատժից վերջնականապես հրաժարվելու մասին արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամների կողմից, բայց ուժի մեջ է մտել միայն դրանցից 44-ում։ Հայաստանը և Ադրբեջանն առայժմ այն չեն վավերացրել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման հարցի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 11-ին հայտնել է հանրապետության արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։

Խոսքը, մասնավորապես, N13 արձանագրության («Մահապատժի վերացման մասին բոլոր դեպքերում») մասին է։ Արձանագրության վավերացումը, փոխնախարարի խոսքով, համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը։

«Հանրապետությունը կողմնակից է մահապատժից լիակատար հրաժարմանը։ Այնուամենայնիվ, դա առայժմ մնում է երկրի չկատարված միջազգային կարևորագույն պարտավորություններից մեկը»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս թեման պարբերաբար բարձրացվում է ԵԽԽՎ օրակարգում։ Ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի N6 արձանագրությունը, ըստ որի՝ մահապատիժը սահմանափակվում է ռազմական գործողությունների անցկացման կամ դրա անմիջական վտանգի շրջանում։ «Իսկ N13 արձանագրությունը դիտարկում է որպես վերջնական քայլ մահապատժի բոլոր ձևերից հրաժարվելու մասին»,- ասել է փոխնախարարը։

Վավերացումը Հայաստանի կողմից կգնահատվի որպես կարևոր դրական առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության առումով, նշել է փոխնախարարը։

Ավելի վաղ օրինագիծն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Այստեղ որևէ հակասություն Սահմանադրության հետ չեն գտել։

News.am