Տիգրան Աբրահամյան․ Կարելի է ճանապարհներ բացելու շուրջ գործընթացը ձախողված համարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է: Այս ասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

 

Նրա խոսքով, դա առաջին հերթին պայմանավորված է ադրբեջանական զորքերի տեղաշարժերով, զորքերի կենտրոնացմամբ, Արցախի ուղղությամբ հիմնական կենտրոնացումը Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է ԱՀ Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին: Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այդ ուղղությամբ անընդհատ նկատելի են զրահատանկային, հրետանային, հրթիռային զորքերի համալրումներ: Ըստ նրա, առաջնագծի բոլոր ուղղություններով բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքերը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել բավականին անցանկալի իրադարձությունների»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Աղդամի ճանապարհը բացելու շուրջ խոսակցություններին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այս վերջին տարբերակը, որ ռուսական կողմը քննարկման է դրել, եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Այն ենթադրում էր ոչ թե ադրբեջանական Կարմիր մահիկի, ոչ թե ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի խորհրդանշական մուտք և դրանից հետո Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում: Իհարկե, դա չէր ենթադրում Լաչինով երկկողմանի ազատ տեղաշարժի իրկանացում, ինչը ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, այլ ենթադրում էր ռուսական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտ բեռների տեղափոխությունները, որոնք եղել են մինչև Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման իրականացումը:

Առաջարկը, որ ռուսական կողմը ներկայացրել է Արցախի իշխանություններին, դրանք եղել են բանակցված նաև Ադրբեջանի կողմից և այդ առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը դեռևս անհայտ պայմաններով, փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ: Ներկայացրել է նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի նաև ադրբեջանական մահիկի բեռնատարների մուտք դեպի Արցախի տարածք: Սա բնականաբար, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, որը տեղեկացվել է ռուսական կողմին: Այս փուլում կարելի է այդ գործընթացը ձախողված համարել: Թե արդյոք այդ առաջարկի հետ կապված նոր զարգացումներ կլինեն, այս պահին դժվարանում եմ ասել: Արցախի իշխանությունները որոշակի հարցերի շուրջ պատրաստ են բանակցելու»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:

Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն. սա եղել է ռուսական առաջարկը: Աբրահամյանը չի բացառում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ Թուրքիայի միջոցով, փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից ևս:

«Երկրորդը հանգամանքն այն է, որ, իմ տպավորությամբ, Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը` դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար: Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, թե այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողն Արցախի իշխանություններն են: Բոլոր դերակատարների համար հստակ է, նաև եղան հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից և հետագայում ստեղծել է պայմաններ, որոնց Արցախի իշխանությունները չէին կարող իրենց համաձայնությունը տալ», - ասաց նա:

News.am