Արթուր Խաչատրյան․ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը ռիսկային քայլ է
Հայաստանի հարաբերությունները խիստ լարված են Ռուսաստանի հետ, ինչքան էլ ՀՀ արտգործնախարարությունից ասեն, թե խնդիրներ կան, բայց լարվածություն չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Լարվածություն կա։ Միգուցե սխալվում եմ, բայց ես մինչ այս չեմ հիշում դեպք, երբ ՌԴ–ում ՀՀ դեսպանը կանչվի ՌԴ արտգործնախարարություն և նրան բողոքի նոտա հայտնեն»,–ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով` վարել նման քաղաքականություն այն դեպքում, երբ Արցախում 120 000 հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, բավականաչափ ռիսկային է։
«Այս ամենի պատճառը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է»,–ընդգծեց նա։
Միաժամանակ Խաչատրյանը նշեց, որ արտաքին այլ դերակատարների մեջ չկա մեկը, ով պատրաստակամություն կհայտնի զինված զորախումբ ուղարկելու տարածաշրջան՝ ապահովելու Հայաստանի սահմանների պաշտպանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։
Նա նշեց, որ Հայաստանի ղեկավարության հայացքն ուղղված է դեպի Արևմուտք, որտեղ ոչ միայն անվտանգության աղբյուր չկա, այլև կա Թուրքիա։
Պատգամավորը հիշեց հայտնի արտահայտությունը, որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները», այսինքն՝ պետք չէ ռազմական օգնություն ակնկալել Լոնդոնից կամ արևմտյան այլ երկրներից։
Sputnik Արմենիա