Սեյրան Օհանյան․ Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նման քայլերը կարող են որոշակի չափով նվազեցնել Արախում հումանիտար ճգնաժամի ազդեցությունը ժողովրդի սոցիալ-կենցաղային պյմանների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով, որ այսօր Ակնայից ռուսական հումանիտար օգնությամբ բեռը հասել է Ստեփանակերտ:
«Այս մեքենայի շարժը, որը Ակնայով մտել է Ստեփանակերտ, հնարավորություն է տալու և ըստ պայմանավորվածության Լաչինի միջանցքը ամբողջությամբ կբացվի:
Լաչինի նոր ճանապարհը, որ կառուցվել է, դա միջանցք չէ և ՀՀ իշխանություններն ինչ են մտածում դրա մասին: Այնուամենայնիվ այդ ճանապարհը պետք է բացվի և ամեն ինչ պետք է անել նախևառաջ միջազգային հարթակներում՝ Ադրբեջանին պարտադրելու, որպեսզի այս միջացնքը բացվի: Երբ ռուսական մեքենան է անցել Ակնայով, կարծում եմ՝ նաև այդ հարցը կարելի է դնել ՌԴ իշխանությունների առջև, որպեսզի իրենք էլ գործնական ու հստակ քայլեր ձեռնարկեն Ադրբեջանին պարտադրելու, որ ճանապարհը բացի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Դիտարկմանը, որ հնարավոր է Լաչինի միջանցքը և Ակնայի (Աղդամի) ճանապարհը բացվելուց որոշ ժամանակ անց Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքը և մնա միայն Աղդամի ճանապարհը, Սեյրան Օհանյանն ասաց. «Միշտ երկու երաշխիք կա. առաջինը ազգային երաշխիքներն են՝ անվտանգության համակարգն ու մեր համախմբումը: Ես նկատի ունեմ նաև ՀՀ իշխանության ուղիղ կապը Արցախի իշխանության հետ, նաև համակողմանի աջակցությունը: Երկրորդը միջազգային երաշխիքներն են և այստեղ կարծես միջազգային երաշխիքներն ավելի մեծ դեր ունեն: Այո, Ադրբեջանը կարող է ցանկացած պահի խախտումներ իրականացնել, դրա համար Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է լուրջ աշխատանք տանեն նաև միջազգային երաշխիքների ուղղությամբ, որովհետև Ադրբեջանի վրա ազդելու միակ հնարավորությունն այսօր միջազգային հարթակներն են»:
News.am