Վոյտոլովսկի․ Երևանը հակված է Մոսկվայի հետ ռազմաքաղաքական համագործակցության դադարեցմանը

Այժմ Հայաստանի ղեկավարությանը հակված է խզել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապը, ռազմատեխնիկական համագործակցությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի թուլացման ակնկալիքով։ Այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։

Նրա խոսքով՝ հույս ունեն, որ Երևանի և Բաքվի միջև տարածքային խնդիրները կլուծվեն, ՆԱՏՕ-ում նախ կներառեն Ադրբեջանին, իսկ հեռավոր ապագայում, հնարավոր է, նաև Երևանին՝ Հայաստանի կողմից իր տարածքների մի մասը կորցնելուց հետո:

Նա վստահություն է հայտնել, որ քանի որ Երևանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ, Հայաստանը չի դիտարկվել և չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի անդամության պոտենցիալ թեկնածու:

«Արևմուտքը հասկանում է, որ Հայաստանի անդամակցությունը դաշինքին շատ ավելի քիչ հետաքրքիր է, քան Վրաստանի և առաջին հերթին Ադրբեջանի անդամակցությունը։ Ադրբեջանը՝ որպես ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամ, շատ ավելի հետաքրքիր է, շատ ավելի կարևոր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների համար։ Թուրքիան քարտ բլանշ ունի Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, ինչը հանդիսանում է Ադրբեջանի եվրաատլանտյան ինտեգրման շարժման մեխանիզմ»,-նշել է Վոյտոլովսկին։

Փորձագետը դաշինքի ճանապարհին Ադրբեջանի հսկայական խոչընդոտ է համարել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկարգավորված տարածքային վեճերի հետ կապված իրավիճակը:

«Որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը կարողանան ապահովել Ադրբեջանի եվրաատլանտյան ինտեգրումը, Բաքուն պետք է լուծի տարածքային խնդիրները և վիճելի հարցերը Հայաստանի հետ։ Եթե այդ տարածքային վեճերը լուծվեն հօգուտ Ադրբեջանի, ապա դա հնարավորություն կբացի ՆԱՏՕ-ին ավելի խորը ինտեգրվելու համար»,-նշել է նա։

Քաղաքագետը վստահեցրել է, որ ԱՄՆ-ին հետաքրքիր չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ նրա ճակատագիրը։

 «Եթե Հայաստանն ընտրի զուտ արևմտյան վեկտորը, ապա դա կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ հարաբերությունների ավարտը։ Սա, իմ կարծիքով, Երևանում քչերն են հասկանում։ Ադրբեջանը պետք է և՛ ԱՄՆ-ին, և՛ Թուրքիային, և՛ ընդհանրապես ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու համար։ Եթե Հայաստանը դուրս գա արևմտյան ուղեծիր և դառնա Իրանին զսպելու հենասյուններից մեկը, ապա կկործանի Երևանի և Թեհրանի բազմամյա խորը կապերը: Կարծում եմ, որ դա Թեհրանում էլ են լավ հասկանում և փորձում են աջակցել Հայաստանին, զարգացնել կապերը»,-եզրափակել է փորձագետը։

News.am