Հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Գետամեջ գյուղից էր
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից էր:
NEWS.am-ին հարևանուհիներից մեկը պատմեց, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր և տատիկի հետ:
«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչև այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք:»,- պատմեց հարևանուհին և հավելեց, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում:
Նշենք, որ Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: