Թուրք նախարար․ Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքը
Առաջիկա ամիսներին թուրքական կողմը կսկսի Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն Ստամբուլից, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Ստամբուլում ընթացող Մուլտիմոդալ տրանսպորտի և լոգիստիկայի ֆորումում։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ «Մենք հաղթահարել ենք որոշակի ճանապարհ Զանգեզուրի միջանցքի հարցում, և հավատում եմ, որ կարճ ժամանակում Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը շուտով կիրականացնեն այն»,- ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք, որ խոսքը Սյունիքի մարզով տրանսպորտային ճանապարհի մասին է։ Երևանում հայտարարել են, որ կողմ են հաղորդակցությունների բացմանը, բայց այն պետությունների իրավասության ներքո, որոնց տարածքով այն անցնում է, և միջանցքի տրամաբանության մասին խոսք լինել չի կարող։ Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Բաքվում և Անկարայում նախընտրում են բնավ չհիշատակել նրա տարածքային պատկանելության մասին։
News.am