Բաքվում Իրանի դեսպանատունը հերքել է Ադրբեջանի հետ սահմանին զինտեխնիկայի կուտակման մասին լուրերը
Իրանի դեսպանատունը հերքել է երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկությունը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, դեսպանատանը հերքել են իրանական զինված ուժերի զորքերն ու ռազմական տեխնիկան սահմանամերձ շրջաններ տեղափոխելու մասին տեսագրություններն ու հաղորդագրությունները:
«Իրանի զինված ուժերի ցանկացած փոխադրում դեպի հյուսիս-արևմտյան սահմանամերձ շրջաններ (Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման) կտրականապես մերժվում է»,-հայտնել է դեսպանատունը։
Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն իրենց հայտարարություններն ու լուրերը տարածում են միայն պաշտոնական լրատվամիջոցների և ներկայացուցիչների միջոցով, իսկ սոցիալական ցանցերում տարածվող կեղծ և կողմնակալ տեղեկատվությունը սուտ է։
Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Հուսեյն Բաղերիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։
News.am