Արցախից Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու է ուղեկցողների հետ միասին տեղափոխվել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու` ուղեկցողների հետ միասին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ բուժառուները տեղափոխվել են անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար»,– նշված է հաղորդագրությունում։

Այս պահին «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Sputnik Արմենիա