Պետդեպ. ԱՄՆ-ն ձգտում են, որ Հայաստանը դառնա գործընկեր՝ ի հակադրություն Ռուսաստանի

Մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Նա այս հայտարարությունն արել է՝ արձագանքելով սենատոր Փեթ Ռիքեթսի հետևյալ հարցին։

«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ՌԴ-ի համար կարևոր անվտանգային գործընկեր է եղել, այստեղ է գտնվում ՌԴ սակավաթիվ ռազմակայաններից մեկը: Հայաստանը նաև ՀԱՊԿ-ի անդամ է և Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերությունները կարևորում է հիմնականում ԼՂ-ի անվտանգային հարցում Ռուսաստանի ունեցած դերի պատճառով: Սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանի չցանկացավ ներգրավվել 2020-ի հակամարտությունում, Հայաստանը կարծես թե սկսել է կասկածներ ունենալ Ռուսաստանի հետ երկարամյա գործընկերության առնչությամբ և թեքվում է դեպի Արևմուտք: Այս ամսվա սկզբին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի վրա հույս դնելն այնքան էլ չի արդարացնում իրեն: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն իր սեփական բանակը զինելու խնդիր ունի։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ անվտանգային հարցերում մեկ գործընկերոջ վրա հույս դնելը ռազմավարական սխալ է:

Դրանից հետո Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային: Այս շաբաթ Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները: Սա հստակ անհանգստացնող նահանջ է Կրեմլի համար։ Արդյոք Հայաստանի վերջին գործողությունները պերմանենտ շրջադարձ են Ռուսաստանից, թե՞ դրանով փորձում են դրդել Մոսկվային ավելի շատ ներգրավվել Լեռնային Ղարաբաղում»,-հարցրեց սենատորը:

Սրան արձագանքելով՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը նշեց, որ 2022-ի փետրվարից հետո Ռուսաստանի բոլոր հարևան երկրները «մի աչքը բաց են քնում», ինչը տրամաբանական է, կարծում եմ, բոլորը հասկանում են, տեսնելով Ռուսաստանի կողմից՝ իր հարևանների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի բացակայության այս շատ վառ դրսևորումը, նրանք բոլորը սկսում են կասկածներ ունենալ` ռուսական զորքերը իրենց երկրների տարածքներ հրավիրելու, Ռուսաստանի, որպես էներգիայի միակ մատակարարի վրա հույս դնելու, իրենց հողերում ռուսական ռազմական միավորների ներկայությունը թույլ տալու հարցում։ «Սա մեզ հնարավորություն է տալիս այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու, ինչպես նշեցիք, մեր զորքերը Հայաստանում են՝ առաջին անգամ իրականացնելու երկկողմ զորավարժություններ և մենք շարունակելու ենք օգտվել այս իրավիճակից»:

Սենատոր Ռիքեթսը հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանն ուզում է իր այդ քայլերով Ռուսաստանին դրդել ակտիվության ԼՂ–ում, թե՞ իսկապես ցանկանում է պոկվել Ռուսաստանից, ինչին Կիմը պատասխանեց. «Շատ շուտ է այդ մասին խոսելը: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մտնենք այնտեղ՝ փորձելով իրավիճակը հասցնել այն կետին, որին ձգտում ենք։ Իսկ այդ կետը իրական որոշումն է՝ դառնալ մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի։ Բայց դրան հասնելու համար, մենք պետք է այնտեղ ներկա լինենք, ահա թե ինչու է Հայաստանին մեր աջակցությունը և Հայաստանի հետ մեր գործընկերությունը կարևոր։

Սենատորը դրանից հետո հարց ուղղեց՝ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ՌԴ–ից տնտեսական, ռազմական և այլ առումներով, կա՞ն մտավախություններ, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Արևմուտք, Ռուսաստանը հարկադրանքի միջոցների կդիմի։

«Պուտինն ու ՌԴ-ն ապացուցել են, որ շատ վրեժխնդիր են բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում իրենց կամքին։ Այո, այդ առումով շատ զգոն ենք։ Պետք է ուշադիր հետևենք իրադարձություններին, մեծացնենք Հայաստանին տրվող աջակցությունը թե Հայաստանի զարգացման նպատակով, թե պաշտպանական և անվտանգային գործընկերության ուղղությամբ, այն եղանակով, որը Հայաստանի համար ընդունելի կլինի, որպեսզի Հայաստանը կատարի այն շրջադարձը, որն ինքը կցանկանա։

News.am