Բոբ Մենենդեսը քննադատեց Պետդեպի պաշտոնյային Ալիևի մասին հարցին չպատասխանելու համար

Պետդեպարտամենտը երբեմն ասում է բաներ, որոնք ուղղակի զարմանալի են։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ լսումների ավարտին, որին հրավիրվել էր նաև Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի ժ.պ. Յուրի Քիմին։

Պատասխանելով սենատորների հարցերին` Քիմը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները համաձայնագրի կողմ չէ (նոյեմբերի 9, 2020 - խմբ.), սակայն Վաշինգտոնը «շարունակում է ջանքերը գործադրել իրավիճակը կարգավորելու համար»:

Սրան ի պատասխան Մենենդեսն ասաց, որ Լաչինի միջանցքի բացմանը համաձայնություն չի տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«ԱՄՆ-ի և Եվրամիության վարչակազմը դրա համար ջանքեր է գործադրում, Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր որոշումներ է կայացրել, ինչո՞ւ սրանից հետո, ըստ Ձեզ, Ալիևը չի բացում միջանցքը»,–հարցրեց սենատորը։

Դրան Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանեց, որ կարող են այս քննարկումներն անցկացնել այլ ձևաչափով (նկատի ունի փակ դռների հետևում - խմբ.):

Մենենդեսը հարցրեց, թե ինչը կարող է գաղտնի լինել պարզ այն ​​հարցի պատասխանում, թե ինչու Ալիևը չի լսում ԱՄՆ վարչակազմին և Եվրամիությանը։

Պետդեպարտամենտի խոսնակ Յուրի Քիմը կրկնեց, որ կան բաներ, որոնք ինքը կցանկանար քննարկել այլ ձևաչափով։

«Այդ դեպքում ես Ձեզ մի պարզ և ոչ գաղտնի պատասխան կտամ. Ալիևը չի ցանկանում բացել միջանցքը, քանի որ նա փորձում է ստիպել այդ մարդկանց (Արցախի հայերին-խմբ.) ենթարկվել՝ սովից դրդված կամ դրա սպառնալիքից: Եվ այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Ես Սենատում եմ ավելի քան 30 տարի և երբեմն ուղղակի զարմանում եմ, թե ինչ են ասում Պետդեպարտամենտի պաշտոնյաները»:

Sputnik Արմենիա