Մուշեղ Սաֆարյանю ՀՀ իշխանություններին չի հետաքրքրում Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխանություններին չի հետաքրքրում Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցը, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը։

 

«Հայաստանի իշխանությունների կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել, որևէ զանգ չի եղել ․․․ Աճյունի տեղափոխման հարցն իրենց, ըստ էության, չի էլ հետաքրքրում, կարծում եմ։ Եթե հետաքրքրեր, գոնե կփորձեին ինչ-որ տեղեկություն ստանալ մեր ու ռուս խաղաղապահների, կամ Արցախի իշխանությունների, կամ ռուս խաղաղապահներ ու Ադրբեջանի բանակցությունների մասին։ Բայց, ըստ էության, իրենց չի հետաքրքրում, ի սկզբանե չի հետաքրքրել և մինչև հիմա էլ չի հետաքրքրում»,- ասաց նա։

Մուշեղ Սաֆարյանը նշել է, որ իր քույրը՝ Հելենի մայրը, բաց նամակով դիմել էր Հայաստանի վարչապետին ֏ արտգործնախարարին, բայց դարձյալ որևէ պատասխան չեն ստացել։ «Խնդիրն ի սկզբանե անտեսված է եղել, ի սկզբանե [իշխանություններից] ոչ ոք չի հետաքրքրվել»,- ասաց նա։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանություններից նույնիսկ առաջարկ չի եղել, որպեսզի աղջկան հուղարկավորեն Հայաստանում։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե լինի նման առաջարկ և այստեղ հուղարկավորեն, ապա դա ժամանակավոր բնույթ կկրի, քանի որ աղջկա մայրը մտադիր է անպայման նրան Արցախում հուղարկավորել։

Մուշեղ Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ Հելենի դին Արցախ տեղափոխելու նախորդ փորձերը ձախողվել են, քանի որ Ադրբեջանը պահանջում է նրա մարմնի տեղափոխման վայր նշել ոչ թե Արցախը, այլ Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԻԵԴ-ը մերժել էր Հելեն Դադայանի դին վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը։