Չծանուցված ընտրողներ, «տասովշչիկներ». «ՀայաՔվե» դիտորդական առաքելությանն ամփոփում է
«ՀայաՔվե» դիտորդական առաքելության ղեկավար Մենուա Սողոմոնյանը Երևանի ավագանու ընտրությւոններին մասնակցության նման ցածր ցուցանիշը մի քանի պատճառներով է բացատրում: Հիշեցնենք, ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, այսօր կայացած ընտրությունների մասնակցության թիվը կազմում է 28,5 տոկոս:
«Ունի ընդհանուր սոցիալ- հոգեբանական պատճառ, որ մարդիկ ընտրական ինստիտուտից երես են թեքում: Պատճառներից մյուսն էլ խախտումն է, որ ընտրողներին շատ դեպքերում իրազեկում չի գնացել՝ իրենց ընտրատեղամասի վերաբերյալ: Շատ են ընտրողները բողոքում, որ գնացել են ավանդական այն տեղամասերը, որտեղ որ քվեարկել են և պարզվել է, որ այնտեղ այլևս չեն քվեարկում, ստիպված են եղել փնտրել, հետո՝ թողել և գնացել են. այդպիսի դեպքեր մեր դիտորդության ընթացքում շատ են հանդիպել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը:
Առաքելությունը, հիշեցնենք, ընտրական գործընթացի մի շարք խախտումներ է արձանագրել:
Խախտումների մի խումբն էլ կապված է, այսպես կոչված «տասովկայի» հետ. «Շատ-շատ տեղամասերի հարևանությամբ, բակերում արձանագրվել են ՔՊ-ի վստահված անձանց, այլ մարդկանց, մտնող-դուրս եկողների հետ պայմանավորվածություն, բարևել՝ խոսել, համբուրել և այլն: Շատ են արձանագրվել նաև մեքենաներով մարդկանց տանել-բերելու դեպքեր»: